Նոր աշխատակցի առաջին օրն է։ Համակարգիչը պատրաստ է, գործընկերները՝ բարեհամբույր, սուրճի տեղն էլ արդեն ցույց են տվել։
Հետո գալիս է առաջին առաջադրանքը։
Պատվերի տվյալները պետք է ճշտել Աննայից, գնացուցակը՝ գտնել ընդհանուր պանակում, բայց օգտվել միայն «վերջնական_նոր_2» տարբերակից։ Հաճախորդի հետ պայմանավորվածությունը չատում է, իսկ առաքման կարգը գիտի Արմենը։ Արմենն այսօր տեղում չէ։
Աշխատակից ընդունել եք վաճառքի համար, բայց առաջին շաբաթը նա աշխատում է որպես հետաքննիչ։
Նոր մարդուն աշխատանքի մեջ ներգրավելու համար պետք է հասանելի դարձնել տեղեկությունը, բացատրել հիմնական քայլերը և ցույց տալ՝ ում դիմել, երբ ինչ-որ բան պարզ չէ։ Ահա՝ ինչպես կազմակերպել այդ ընթացքը։
1. Պատրաստվեք մինչև առաջին աշխատանքային օրը
Նոր աշխատակցի մեկնարկը դժվարանում է, երբ անհրաժեշտ հասանելիությունները սկսում են պատրաստել նրա գալուց հետո։
«Առայժմ կողքից նայի, մինչև մուտքդ բացենք» տարբերակը կարող է զբաղեցնել օրը, բայց միշտ չէ, որ օգնում է սովորել աշխատանքը։
Նախապես պատրաստեք՝
- աշխատանքի համար անհրաժեշտ հաշիվներն ու գործիքները,
- համապատասխան հասանելիության իրավունքները,
- գործող հրահանգների և փաստաթղթերի հղումները,
- առաջին օրերի ծրագիրը,
- այն գործընկերոջ անունը, որը կօգնի ընթացիկ հարցերում։
Ստուգեք նաև՝ արդյոք հղումները բացվում են հենց նոր աշխատակցի իրավունքներով։ Ղեկավարի համակարգչով աշխատող հղումը դեռ բոլորի համար հասանելի փաստաթուղթ չէ։
2. Բացատրեք՝ ինչպես է նրա աշխատանքը կապված մյուսների հետ
Աշխատակիցը կարող է իմանալ՝ որ կոճակը սեղմել, բայց չհասկանալ՝ ինչու է տվյալ դաշտը պարտադիր։
Օրինակ՝ վաճառողը պատվերի մեջ չի նշում առաքման հասցեն՝ մտածելով, որ հետո կճշտի։ Պատվերն անցնում է հաջորդ փուլ, իսկ առաքման պատասխանատուն ստիպված նորից զանգում է հաճախորդին։
Առաջին օրերին ցույց տվեք աշխատանքի ամբողջ ընթացքը՝ հարցումից մինչև ավարտ։ Այնուհետև առանձնացրեք նոր աշխատակցի դերը։
Նա պետք է հասկանա՝
- ումից է ստանում աշխատանքը,
- ինչ տվյալներ պետք է ստուգի,
- ինչ արդյունք է իրենից սպասվում,
- ում և ինչպես է փոխանցում հաջորդ քայլը։
Այս պատկերն օգնում է հասկանալ նաև սխալի ազդեցությունը։ Բաց թողնված փոքր դաշտը երբեմն հաջորդ աշխատակցի համար դառնում է կես ժամվա որոնում։
3. Գրեք այն հրահանգները, որոնք ամեն օր բանավոր կրկնում եք
Եթե նույն հարցին շաբաթական մի քանի անգամ պատասխանում եք, հավանաբար արժե պատասխանը գրանցել։
Սկսեք հաճախ կատարվող գործողություններից՝ պատվերի ընդունում, հաճախորդի գրանցում, վճարման նշում, ապրանքի վերադարձ կամ առաջադրանքի փոխանցում։
Յուրաքանչյուր հրահանգում ներառեք՝
- Նպատակ — ինչի համար է կատարվում գործողությունը։
- Մեկնարկ — երբ և ինչ տվյալներով սկսել։
- Քայլեր — ինչ անել և ինչ հերթականությամբ։
- Ավարտ — ինչպես հասկանալ, որ աշխատանքն ավարտված է։
- Բացառություն — ում դիմել, եթե ընթացքը չի համապատասխանում սովորական դեպքին։
Օրինակ՝ «Գրանցել պատվերը» հրահանգը չափազանց ընդհանուր է։ Ավելի օգտակար է նշել՝ որ տվյալներն են պարտադիր, ինչպես ստուգել հաճախորդի կրկնվող գրառումը և ինչ կարգավիճակ տալ նոր պատվերին։
Պահեք նաև հրահանգի պատասխանատուին ու վերջին թարմացման ամսաթիվը։ Հին հրահանգը կարող է շատ վստահ տանել արդեն չգործող ճանապարհով։
4. Տեղեկությունը պահեք հասկանալի տեղում
Նոր աշխատակիցը չպետք է գուշակի՝ տվյալը որտեղ փնտրել։
Համաձայնեցրեք տեղեկության պահպանման պարզ կանոններ։ Օրինակ՝
- պատվերի ընթացիկ տվյալները՝ կառավարման համակարգում,
- գործող գնացուցակը՝ հաստատված հղումով,
- աշխատանքի հրահանգները՝ ընդհանուր գիտելիքների բաժնում,
- առաջադրանքները՝ պատասխանատուով և ժամկետով։
Հաճախորդի հետ չատում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունն ամփոփեք նաև համապատասխան պատվերի գրառման մեջ։
Այդպես հաջորդ աշխատակիցը կգտնի անհրաժեշտ տեղեկությունը՝ առանց երեք զրույց կարդալու և «այդ օրը ո՞վ էր հերթապահ» հարցնելու։
5. Առաջին շաբաթը կառուցեք իրական առաջադրանքների շուրջ
Ամբողջ համակարգի ցուցադրությունը կարող է տպավորիչ լինել։ Բայց դրանից հետո նոր աշխատակիցը դեռ կարող է չիմանալ՝ ինչպես գրանցել առաջին պատվերը։
Ուսուցումը բաժանեք փոքր քայլերի՝ բացատրություն, ցուցադրում, փորձ, հետադարձ կապ։
Պայմանական առաջին շաբաթը կարող է այսպիսի կառուցվածք ունենալ՝
- Առաջին օր․ ծանոթանալ թիմին, աշխատանքի ընթացքին և գործիքներին։ Արդյունքը՝ գիտի իր դերը և օգնության դիմելու հասցեն։
- Երկրորդ օր․ դիտել հիմնական գործողության կատարումը, հետո փորձել ուսումնական օրինակով։ Արդյունքը՝ կարողանում է կրկնել քայլերը։
- Երրորդ օր․ կատարել սովորական առաջադրանք՝ գործընկերոջ վերահսկմամբ։ Արդյունքը՝ հասկանում է նաև ստուգման կետերը։
- Չորրորդ օր․ քննարկել փոփոխության, չեղարկման կամ սխալի օրինակներ։ Արդյունքը՝ գիտի՝ երբ ուղղել, երբ դիմել օգնության։
- Հինգերորդ օր․ կատարել համաձայնեցված աշխատանք և քննարկել արդյունքը։ Արդյունքը՝ պարզ է՝ ինչն է արդեն ինքնուրույն անում, ինչն է դեռ սովորում։
Ժամանակացույցը հարմարեցրեք աշխատանքի բարդությանը։ Որոշ դերերում մեկ շաբաթը միայն սկզբնական ծանոթացման համար է բավարար։
6. Նշանակեք մարդ, ում կարելի է հարց տալ
«Մի բան լինի՝ հարցրու» արտահայտությունը բարեհամբույր է, բայց անորոշ։ Նոր աշխատակիցը կարող է չիմանալ՝ ում հարցնել, երբ հարցնել և արդյոք հերթական անգամ չի խանգարում։
Նշանակեք ուղեկցող գործընկեր և հստակեցրեք՝
- ինչ հարցերով դիմել նրան,
- ինչպես կապվել շտապ դեպքում,
- երբ քննարկել կուտակված հարցերը,
- ով է փոխարինում նրան բացակայության ժամանակ։
Ուղեկցողին էլ ժամանակ հատկացրեք այդ աշխատանքի համար։ Եթե նրա ծանրաբեռնվածությունը չի փոխվել, օգնությունը հեշտությամբ կարող է մնալ «հենց ազատվեցի» խոստման մակարդակում։
Առաջին օրերին կարճ, նախապես համաձայնեցված քննարկումը հնարավորություն է տալիս հարցերը լուծել մինչև դրանք վերածվեն սխալ պատվերի կամ չկատարված առաջադրանքի։
7. Ստուգեք կարողությունը՝ գործնական աշխատանքով
«Ամեն ինչ հասկացա՞ր» հարցին հաճախ ստացվում է «այո» պատասխան։ Հատկապես, երբ մարդը դեռ չի հասկացել՝ ինչ հարցեր ունի։
Փոխարենը խնդրեք կատարել սովորական առաջադրանք և բացատրել քայլերը։
Օրինակ՝
- գտնել հաճախորդի գործող պատվերը,
- գրանցել նոր հարցում,
- փոխել պատվերի տվյալը՝ սահմանված կարգով,
- փոխանցել առաջադրանքը պատասխանատուին,
- ցույց տալ՝ որտեղից է ստուգվում գործող գինը։
Գնահատեք նաև՝ աշխատակիցը նկատո՞ւմ է բացակայող տեղեկությունը և գիտի՞՝ երբ օգնություն խնդրել։
Ինքնուրույն աշխատելը չի նշանակում բոլոր պատասխաններն անգիր իմանալ։ Կարևոր է կարողանալ գտնել հաստատված տեղեկությունը և ճիշտ կողմնորոշվել անսովոր իրավիճակում։
8. Նոր աշխատակցի հարցերով բարելավեք գործընթացը
Նոր մարդը տեսնում է այն անհստակությունները, որոնց հին թիմն արդեն հարմարվել է։
Եթե նա հարցնում է՝ «ինչո՞ւ նույն տվյալը երկու տեղ ենք գրում», արժե ուսումնասիրել պատճառը։ Հնարավոր է՝ կրկնությունն անհրաժեշտ ստուգում է։ Հնարավոր է նաև՝ տարիներ առաջ ստեղծված սովորություն, որի իմաստն արդեն ոչ ոք չի հիշում։
Առաջին շաբաթների ընթացքում հավաքեք՝
- դժվար գտնված փաստաթղթերը,
- չբացատրված եզրերը,
- իրար հակասող հրահանգները,
- հաճախ կրկնվող հարցերը,
- այն քայլերը, որոնց համար անընդհատ մեկ մարդու օգնությունն է պետք։
Այդ ցանկով թարմացրեք հրահանգներն ու կարգավորումները։ Հաջորդ աշխատակցի մեկնարկն արդեն ավելի հեշտ կլինի։
Ինչպե՞ս հասկանալ՝ ներգրավման ընթացքը լավ է աշխատում
Հետևեք մի քանի գործնական չափանիշի՝
- քանի օրում է աշխատակիցը կարողանում կատարել հիմնական սովորական առաջադրանքը,
- որքան ուղղում է պահանջվում նրա աշխատանքում,
- ինչ հարցեր են շարունակ կրկնվում,
- որ տեղեկությունն է դժվար գտնել,
- որքան ժամանակ են գործընկերները հատկացնում նույն բացատրություններին։
Այս տվյալներն օգտագործեք ուսուցումն ու գործընթացը բարելավելու համար։ Եթե մի քանի նոր աշխատակից նույն տեղում են դժվարանում, նախ ստուգեք հրահանգը, հասանելիությունը և աշխատանքի կանոնը։
Մինչ նոր աշխատակցի գալը՝ ստուգեք
- Հիմնական հաշիվներն ու հասանելիությունները պատրաստ են։
- Առաջին օրերի ծրագիրը համաձայնեցված է։
- Ուղեկցող գործընկերը նշանակված է և ժամանակ ունի։
- Հիմնական հրահանգները հասանելի ու թարմ են։
- Պարզ է՝ որտեղ փնտրել գործող տվյալները։
- Փորձնական առաջադրանքները պատրաստ են։
- Սահմանված է՝ ինչն է աշխատակիցը կատարում ինքնուրույն, ինչը՝ ստուգմամբ։
- Նախատեսված է հարցերն ու առաջընթացը քննարկելու ժամանակ։
Նոր աշխատակիցն իր առաջին շաբաթներին պետք է սովորի աշխատանքը, ճանաչի թիմին և աստիճանաբար պատասխանատվություն ստանձնի։ Հասկանալի ընթացքն ու հասանելի տեղեկությունը նրան օգնում են ժամանակը ծախսել հենց դրա վրա։
Իսկ «վերջնական_նոր_2» ֆայլի հեղինակի ինքնությունը կարող է այդպես էլ գաղտնի մնալ։
Նոր աշխատակիցը որտե՞ղ գտնի պատվերը, պատասխանատուին ու հաջորդ քայլը։ Կապվեք TMHub-ի թիմի հետ՝ ով կօգնի այդ գործընթացը ավտոմատացնելու ր հեշտացնելու համար։



