1. Գլխավոր
  2. Բլոգ
  3. Խաղը 10 րոպե, հերթը՝ 45․ ժամանցի կենտրոնի մաթեմատիկան
CRM

Խաղը 10 րոպե, հերթը՝ 45․ ժամանցի կենտրոնի մաթեմատիկան

Ինչու են հերթեր գոյանում ժամանցի կենտրոնում և ինչպես դրանք կրճատել․ թողունակության հաշվարկ, ամրագրում, վիրտուալ հերթ և աշխատակիցների ճիշտ բաշխում։

4 հոկտեմբերի 20265 րոպե ընթերցանություն
Խաղը 10 րոպե, հերթը՝ 45․ ժամանցի կենտրոնի մաթեմատիկան

Շաբաթ օր է, ժամը 16:00։ Ընտանիքը եկել է ժամանցի կենտրոն։ Երեխաները տանից դուրս գալուց ի վեր խոսում են միայն VR-ի մասին։

VR-ի մոտ՝ 40 րոպե հերթ։ Բատուտների մոտ՝ 25։ Սրճարանում ազատ սեղան չկա։ Մեկ ժամ անց երեխաները հոգնել են, ծնողները՝ նույնպես, իսկ խաղալ հասցրել են ընդամենը 15 րոպե։

Երեկոյան կարծիք է հայտնվում․

— Եկել էինք խաղալու, մնացինք հերթ կանգնելու։

Ժամանցի բիզնեսում հյուրը գնահատում է ոչ թե ատրակցիոնների քանակը, այլ ուրախության րոպեները։ Իսկ հերթում անցկացրած ամեն րոպե այդ ուրախությունից է պակասում։

Այս հոդվածում քայլ առ քայլ կտեսնենք, թե ինչպես հասկանալ, երբ և ինչու են հերթեր գոյանում, և ինչպես դրանք կրճատել՝ առանց նոր ատրակցիոն գնելու։

Քայլ 1․ Իմացեք, թե երբ է «պայթում» կենտրոնը

Շատ կենտրոններ գիտեն, որ «շաբաթ-կիրակի մարդ շատ է լինում»։ Բայց սա բավարար չէ։

Պետք է իմանալ, թե կոնկրետ որ ժամերին է ծանրաբեռնվածությունը գերազանցում հնարավորությունները։

Մեկ-երկու շաբաթ գրանցեք, թե ամեն ժամ քանի հյուր է ներսում, և համեմատեք կենտրոնի տարողության հետ, այսինքն՝ թե քանի հյուր կարող եք ընդունել առանց երկար հերթերի։

Օրինակ՝ կենտրոնը կարող է հանգիստ ընդունել 120 հյուր։ Առավոտյան ժամը 11:00-ին ներսում 40 հյուր է, 14:00-ին՝ 95, իսկ 15:00-ից 18:00-ն՝ 140-ից 165։ Երեկոյան թիվը կրկին իջնում է մինչև 50։

Օրը ծանր չէ ամբողջությամբ։ Խնդիրը կենտրոնացած է երեք ժամում, իսկ առավոտյան և ուշ երեկոյան կենտրոնը կիսադատարկ է։ Սա նշանակում է, որ լուծումը ոչ թե «ավելի մեծ դահլիճն» է, այլ հյուրերի հոսքը ավելի հավասարաչափ բաշխելը։

Քայլ 2․ Հաշվել յուրաքանչյուր ատրակցիոնի թողունակությունը

Կենտրոնի ընդհանուր տարողությունը դեռ ամբողջ պատկերը չէ։ Հերթը գոյանում է կոնկրետ ատրակցիոնի մոտ, երբ այնտեղ ցանկացողներն ավելի շատ են, քան այն կարող է ընդունել։

Թողունակությունը ցույց է տալիս, թե ատրակցիոնը քանի հյուր կարող է սպասարկել մեկ ժամում․

Ժամային թողունակություն = 60 ÷ (սեանսի տևողություն + փոխարինման ժամանակ) × տեղերի թիվ

Օրինակ՝ VR գոտին ունի 4 տեղ, սեանսը տևում է 10 րոպե, իսկ ակնոցները հանելու, մաքրելու և հաջորդին հագցնելու համար ևս 5 րոպե է պետք։ Այսինքն՝ 60 ÷ 15 × 4 = 16 հյուր ժամում։

Այժմ կարող ենք հաշվել նաև, թե որքան կսպասի հերթում կանգնած հյուրը․

Սպասման ժամանակ (րոպե) = մարդիկ հերթում ÷ ժամային թողունակություն × 60

Եթե հյուրի առջևում 12 մարդ կա, նա կսպասի 12 ÷ 16 × 60 = 45 րոպե։ Դա ավելի երկար է, քան ինքը խաղը։

Ուշադրություն․ հաճախ ամենաարագ արդյունքը տալիս է ոչ թե նոր ակնոցներ գնելը, այլ փոխարինման ժամանակի կրճատումը։ Եթե 5 րոպեն դարձնեք 2, թողունակությունը կաճի 16-ից մինչև 20 հյուր ժամում։

Քայլ 3․ Հերթը տեղափոխեք օրացույց

Երբ հյուրը գալիս է «պատահական» ժամի, հերթը ձևավորվում է ատրակցիոնի մոտ։ 

Երբ նա նախապես ամրագրում է ժամը, «հերթը» կանգնում է օրացույցում, և նա կարող է այդ ժամանակը անցկացնել տանը, ճանապարհին կամ մեկ այլ խաղի մոտ։

Ամրագրումը հատկապես օգտակար է երեք դեպքում․

  1. Ամենապահանջված ատրակցիոնների համար (VR, քվեստ-սենյակ, բոուլինգ)՝ 15 կամ 30 րոպեանոց սլոթերով։
  2. Ծննդյան տոների և խմբային այցերի համար, որոնք մեկ անգամից բերում են 15–20 հյուր։ Եթե նման խումբը առանց նախազգուշացման գա ժամը 16:00-ին, հերթը կկրկնապատկվի։
  3. Ծանրաբեռնված ժամերի համար։ Եթե կենտրոնը «պայթում» է 15:00–18:00-ին, այդ ժամերին ամրագրումը կարելի է դարձնել պարտադիր, իսկ մնացած ժամերին՝ ազատ մուտք։

Կանոն․ թողեք տեղերի մի մասը՝ օրինակ 30%-ը, առանց ամրագրման եկողների համար։ Այլապես անսպասելի եկած ընտանիքը կլսի «ամեն ինչ զբաղված է» և հաջորդ անգամ չի գա։

Մեկ այլ հնարք՝ առաջարկեք այլընտրանքային ժամ․ «16:00-ն զբաղված է, բայց 13:30-ին կա ազատ տեղ»։ Այդպես հյուրը ինքն է օգնում հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը։

Քայլ 4․ եթե սպասումն անխուսափելի է, դարձրեք այն ավելի կարճ թվացող

• Չզբաղված ժամանակը թվում է ավելի երկար։ Հերթի մոտ դրեք պարզ խաղեր, էկրան՝ խաղի թրեյլերով, կամ թող աշխատակիցը մինչև սեանսը բացատրի կանոնները։

• Անարդար սպասումն ամենից շատ է նյարդայնացնում։ Եթե ինչ-որ մեկը «առանց հերթի» է անցնում, պետք է բոլորին պարզ լինի ինչու՝ օրինակ, «ամրագրված ժամ» նշանով։

• Սպասելը կանգնած չի պարտադիր։ Վիրտուալ հերթը՝ SMS կամ հաղորդագրություն «ձեր հերթը 5 րոպեից է», թույլ է տալիս հյուրին այդ ընթացքում գնալ մեկ այլ ատրակցիոն կամ սրճարան:

Վերջինը ամենաուժեղն է։ Վիրտուալ հերթով 20 րոպե սպասումը հյուրի համար դառնում է 20 րոպե խաղ մեկ այլ տեղում։

Քայլ 5: Աշխատակիցները՝ այնտեղ, որտեղ հյուրերն են

Օգտագործեք Քայլ 1-ի տվյալները և հերթափոխերը կառուցեք ըստ դրանց․

11:00–14:00 — ցածր ծանրաբեռնվածություն — 3 աշխատակից սրահում

14:00–15:00 — աճող — 5 աշխատակից

15:00–18:00 — գագաթնակետ — 8 աշխատակից

18:00–21:00 — նվազող — 4 աշխատակից

Դրա համար անհրաժեշտ չեն նոր աշխատակիցներ։ Բավական է, որ մի մասը սկսի ավելի ուշ, օրինակ՝ 14:00-ին, և աշխատի մինչև փակվելը։

Գագաթնակետին հատկապես կարևոր են երկու դեր․ «հերթի կառավարիչ», ով տեղեկացնում է սպասման ժամանակը և ուղղորդում ավելի ազատ ատրակցիոններ, և լրացուցիչ օգնական ամենածանրաբեռնված կետում, ով կրճատում է փոխարինման ժամանակը (հիշեք VR-ի 5 րոպեները)։

Փոքրիկ ինքնաթեստ

Պատասխանեք ձեր կենտրոնի մասին․

  • Ո՞ր ժամերին է կենտրոնը գերծանրաբեռնված՝ ըստ փաստացի տվյալների, ոչ թե ըստ զգացողության։
  • Քանի՞ հյուր ժամում է կարողանում ընդունել ձեր ամենապահանջված ատրակցիոնը։
  • Որքա՞ն էր միջին սպասման ժամանակը անցած շաբաթ օրը։
  • Գիտե՞ք նախապես, թե վաղը քանի ծննդյան տոն և խմբային այց կա։

Եթե պատասխանների համար պետք է հարցնել ադմինիստրատորին, թերթել ամրագրումների տետրը և հիշել՝ «էն խումբը զանգե՞լ էր, թե՞ գրել»…, ապա հերթերը կառավարվում են պատահականորեն։

Երբ ամրագրումները, այցելությունները և աշխատակիցների հերթափոխերը գրանցվում են մեկ ընդհանուր համակարգում, պատկերը երևում է նախապես, ոչ թե ժամը 16:00-ին։ TMHUB-ը հենց այդ մոտեցումն է առաջարկում՝ բիզնեսի գործընթացները միավորելով մեկ տեղում։

Ամփոփելով

  • Իմացեք ձեր գագաթնակետային ժամերը՝ ըստ տվյալների, ոչ թե զգացողության։
  • Հաշվեք յուրաքանչյուր ատրակցիոնի թողունակությունը և կրճատեք փոխարինման ժամանակը։
  • Պահանջված ատրակցիոններն ու խմբային այցերը տեղափոխեք ամրագրման։
  • Անխուսափելի սպասումը դարձրեք հայտնի, զբաղված և արդար։
  • Աշխատակիցներին բաշխեք ըստ ծանրաբեռնվածության, ոչ թե հավասարաչափ։

Ի վերջո, լավ ժամանցի կենտրոնը այն չէ, որտեղ ամենաշատ ատրակցիոններն են, այլ այն, որտեղից երեխաները դուրս են գալիս հոգնած խաղալուց, ոչ թե սպասելուց։

TM Hub թիմ
Արտադրության և առևտրի ավտոմատացում

Մեկնաբանություններ

Առնչվող հոդվածներ

Automation

Ինչպես ներդնել կառավարման համակարգ՝ առանց թիմի աշխատանքը խաթարելու

Ինչպե՞ս ներդնել կառավարման համակարգ, որ պատվերները չկորչեն, աշխատանքը չկանգնի, իսկ թիմը գաղտնի չվերադառնա հին Excel-ին։ Քայլ առ քայլ ուղեցույց՝ սահուն անցման և ավելի քիչ «բա առաջ ո՞նց էինք անում» հարցերի համար։

TM Hub թիմ20 հոկտեմբերի 20267 ր3 դիտում
Automation

CRM համակարգ Հայաստանում | TM Hub CRM + ERP

TM Hub-ը հայկական CRM + ERP համակարգ է, որը բիզնեսին օգնում է մեկ հարթակից կառավարել հաճախորդներին, վաճառքները, պատվերները, պահեստը, ֆինանսները և թիմը։ Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչու TM Hub-ը կարող է լինել Հայաստանի բիզնեսների համար ամենահարմար ու ամբողջական CRM լուծումներից մեկը։

TM Hub թիմ4 հոկտեմբերի 20269 ր17 դիտում

Պատրա՞ստ եք սկսել

Մուտք գործեք CRM կամ գրեք մեզ։